Posted in Առանց կարգի

Ջանի Ռոդարի․ Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա․

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

 

Posted in Առանց կարգի

Հ․ Թումանյան․Խոսող ձուկը․

Լինում է, չի լինում՝ մի աղքատ մարդ։ էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում։

— Տե՛ր աստված,— ասում է,— սա էլ, որ մեզ նման շունչ-կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում, թե՞ չէ․․․

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում։

— Լսի՛,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգուշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ո՛վ գիտի, իմ ծնողը ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերնեիս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզո՜ւմ, էնպես եմ ուզո՜ւմ․․․ Եկ, խեղճ արի, ազատ արա ինձ, բա՛ց թող, բա՛ց թող գնամ․․․

Էսպես էր ասում ցա՜ծ, շա՜տ ցած ձենով, ցամաքած բերանը բացուխուփ անելով։ Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է, ետ գցում գետը։

— Գնա՛, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քու ծնողը։ Թող չտխրեն քու ընկերները։ Գնա՛, ապրի՛ ու խա՛ղ արա նրանց հետ։

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

— Տո՛, ախմախ,— ասում է,— ես էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ․․․ Դե գնա՛ կորի՛, էլ իմ աչքին չերևա՛ս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա՛, սովից մեռի՛։

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

— Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ․․․— տարակուսած մտածելով, դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։

2Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հրեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։

— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,— հարցնում է Հրեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես՝ հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կնիկը։

— Լսի՛, բարեկամ,— ասում է Հրեշը։— Էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկն ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ՝ հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ, կանեմ։ Համաձայն ե՞ս։

— Մի բան, որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,— մտածում է աղքատը,— կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռը կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ո՛վ գիտի․․․

— Համաձայն եմ,— ասում է ու կովն առաջն անում, տանում տուն։

3Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ Հրեշն էն գիշեր պիտի գա։

Մարդ ու կնիկ վերջալուսի տակ տխուր նստում են դռանը, ու միտք են անում, թե ինչ պատասխան տան Հրեշին, կամ, ով գիտի, ինչ կհարցնի նա․ ո՞վ կիմանա Հրեշի միտքը։

— Ա՛յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հրեշի հետ գործ բռնի․․․ Հրեշի հետ հաշիվ ունենա․․․ Հրեշից լավություն ընդունի․․․— հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերը արդեն վրա էր հասնում։

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։

— Բարի իրիկո՛ւն,― ասում է,— ճամփորդ մարդ եմ, մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։

— Ընչի՛ չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք Հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է․ էս գիշեր պիտի գա, ու մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի՝ մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

— Բան չկա, որտեղ դուք, էնտեղ էլ ես,— պատասխանում է օտարականը։

Համաձայնում են, հյուրը մնում է։

Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։

— Ո՞վ է։  — Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։

Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած։

— Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,— ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

— Եկե՜լ եմ,— դռան ետևից ձայն է տալի Հրեշը։

— Ես էլ եմ եկե՜լ,— պատասխանում Է ներսից հյուրը։

— Ո՞րտեղից ես եկել։

— Ծովի էն ափից։

— Ընչո՞վ ես եկել։

— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

― Ուրեմն՝ ծովը պստիկ է եղել։

— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

— Ուրեմն՝ արծիվը ճուտ Է եղել։

— Ի՜նչ ճուտ․ թևերի շվաքը քաղաք Է ծածկում։

— Ուրեմն՝ քաղաքը շատ Է փոքրիկ։

— Ի՜նչ փոքրիկ․ նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

— Ուրեմն՝ նապաստակը ձագ է։

— Ի՜նչ ձագ․ մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ՝ ավել։

— Ուրեմն՝ մարդը թզուկ է։

— Ի՜նչ թզուկ․ ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

— Ուրեմն՝ խուլ է։

— Ի՜նչ խուլ․ սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։

Հրեշը մնում է կապված–մոլորված, զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում՝ ինչ ասի, սուսուփուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում, աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

— Չենք թողնի որ չենք թողնի,— առաջը կտրում են մարդ ու կին,— դու, որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը․․․

— Չէ՛, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

— Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի, ու չկարողանանք ետ վճարել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու․․․

— Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր․․․— ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

Posted in Առանց կարգի

Ղազարոս Աղայան․Արևի հրամանը․

Գարնանային մի սիրուն առավոտ արևը բարձրացավ և ասաց աստղերին.

— Դե, սիրո՛ւն աստղիկներ, երկնքի ճրագներ, հիմա գնացեք, գիշերը եկեք:

Ծաղիկներին ու թռչնիկներին ասաց.

— Զարթնեցե՛ք, ծաղիկներ, զարթնեցե՛ք, թռչնիկներ:

Եվ զարթնեցին բոլոր ծաղիկները, թռչնիկները:

-Ես պիտի երգեմ,- ասաց արտույտը:

-Ես պիտի ծաղկեմ,- ասաց վարդը:

-Իսկ ես ի՞նչ պիտի անեմ,-ասաց մութ ամպիկը,- չջրե՞մ երկիրը:

Արևը պատասխանեց.

-Թող երգի արտույտը, թող բացվի վարդը, իսկ մութ ամպիկը, ջրով լիքը, թող գնա հեռանա:

Ծաղիկները բացվեցին, թռչնիկները երգեցին, երեխեքն էլ զարթնեցին ու սկսեցին արևի երգը:

Posted in Առանց կարգի

Ջանի Ռոդարի․Երկիր, որտեղ բոլոր մարդիկ կարագից են․

Spred 2

Մի անգամ մեծ ճամփորդ Անբան Ջովանինոն հայտնվեց մի երկում, որտեղ բոլոր մարդիկ կարագից էին: Արևից նրանք հալչում էին ու այդ պատճառով ստիպված էին անընդհատ ստվերում լինել և թաքնվել սառը տեղերում: Նրանց քաղաքում սովորական տների փոխարեն հսկա սառնարաններ էին: Ջովանինոն քայլում էր այդ տարօրինակ քաղաքի փողոցներով: Մարդիկ կանգնած էին իրենց սառնարան-տան պատուհանների մոտ՝ գլխներին սառցե սրվակներ դրած: Բոլոր սառնարանների դռներին հեռախոս էր կախած, որով հնարավոր էր խոսել տան բնակիչների հետ:

_Բարև,-ասաց Ջովանինոն՝ վերցնելով սառնարաններից մեկի հեռախոսը:

_ Բարև,-պատասխանեցին ներսից:

_Ո՞վ է խոսում,-հարցրեց Ջովանինոն:

-Այն երկրի թագավորը, որի բոլոր բնակիչները կարագից են: Ինձ հարել են ամենաբարձր տեսակի սերուցքից, որ ստացել են շվեյցարական կովերի կաթից: Դուք ուշադրություն դարձրեցի՞ք իմ սառնարանին:

_Ոչ, իսկ ի՞նչ կա որ: Հա՜, հասկացա: Այն մաքուր ոսկուց է… Իսկ ի՞նչ է, Դուք այդպես էլ դրա միջից դուրս չե՞ք գալիս:

_ Չէ՜, ինչու, մեկ-մեկ դուրս եմ գալիս: Ձմռանը: Երբ ուժեղ սառնամանիք է լինում: Սահում եմ սառցե մեքենայով:

_Իսկ եթե Ձերդ մեծության սահելու ժամանակ արևը դուրս գա՞…Ինչ կլինի այդ ժամանակ:
_Չի կարող արևը դուրս գալ: Դա արգելված է: Ես անմիջապես կհրամայեի իմ զինվորներին նրան բանտ նստեցնել;

_ Չէ՜ մի, բանտ,-բարկացավ Ջովանինոն, գցեց ծխամորճը և գնաց ուրիշ երկրներում ճամփորդելու:

Posted in Առանց կարգի

Ջանի Ռոդարի․ պաղպաղակե դղյակը․

Untitled(1)

Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում մարդիկ մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին, որ մի քիչ լպստեն: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին, կահուքը պաղպաղակից էր:

Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
— Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ չկորչի:

-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:

Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները:

Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:

Այդ օրվանից երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.

-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս:

Posted in Առանց կարգի

Ջանի Ռոդարի․ Կոնֆետի անձրևը․

Մի անգամ քաղաքում կոնֆետի անձրև էր գալիս։ Կոնֆետները կարկտի նման էին, բայց սպիտակ չէին, այլ գունավոր՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Մի տղա կերավ կանաչ կոնֆետն ու տեսավ, որ խնձորի է։ Մի ուրիշ տղա էլ կարմիրը փորձեց, ու պարզվեց, որ դա էլ ելակի է։

-Վա՜յ, իսկական կոնֆետներ են, ինչ լա՜վն են, — ուրախացան երեխաներն ու արագ-արագ լցրին գրպանները։ Ինչքան էլ նրանք հավաքում էին, մեկ է՝ կոնֆետները չէին վերջանում, անձրևի պես թափվում էին։ Կոնֆետները շատ անուշ հոտ ունեին ու ոտքի տակ սառույցի պես խրթխրթում էին։ Դպրոցից տուն գնացող երեխաներն էլ հասցրին պայուսակները լցնել։ Տատիկներն էլ կոնֆետով զամբյուղներ էին տանում։ Իսկական տոն էր։
Քաղաքում մարդիկ սպասում էին, որ երկնքից էլի կոնֆետներ կթափվեն, բայց կոնֆետի ամպը ոչ մի անգամ չի երևացել։

Posted in Առանց կարգի

Ջանի Ռոդարի․ Թափանցիկ Ջակոմոն․

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից: 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բաներն էլ էր երևում, թե միայն մտքերն էին երևում:

  2. Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

  3. Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

 

Posted in Առանց կարգի

Ջանի Ռոդարի․ Թե ինչպես քիթը փախավ տիրոջից․

d684d5abd5a9

Մի անգամ պարոն Գոգոլը մի պատմություն պատմեց քթի մասին: Էս քիթը Նևսկի պողոտայում լողում էր սայլակի մեջ, զարմանալի բաներ էր անում: Այդպիսի մի քիթ էլ   չարաճճիություն էր  անում Լեվենոյում, Լագո Մեջորեի լճում:
Նավամատույցի դիմաց մի պարոն էր ապրում: Մի օր էս պարոնը արթնացավ և գնաց լոգարան: Նա պատրաստվում էր սափրվել, բայց նայեց հայելուն և սարսափած բղավեց
_ Օգնությո՜ւն, փրկեք, իմ քիթը…                                                                                                              Նրա դեմքին քիթ չկար:Քթի փոխարեն հարթ, ուղիղ տեղ էր մնացել: Պարոնն այդպես դուրս վազեց պատշգամբ հենց այն ժամանակ, երբ իր քիթը դուրս էր եկել փողոց և արագ վազում էր  դեպի նավամատույց:
_ Կանգնի՛ր, կանգնի՛ր,-բղավեց պարոնը:-Դա իմ   քիթն է, բռնեք դրան:
Մարդիկ նայում էին պատշգամբին և ծիծաղում պարոնի վրա.
_ Քիթը գողացել են, իսկ քաչալը` մոռացել: Վատ է, շա՜տ վատ է:
Պարոնին միայն մի բան էր մնում՝ վազել փողոց և ընկնել փախչող քթի ետևից: Նա դեմքը ծածկել էր  թաշկինակով, կարծես  ինքը ուժեղ հարբուխով հիվանդ է: Դժբախտաբար նա նավամատույց հասավ այն ժամանակ, երբ լաստանավն արդեն մեկնել էր: Պարոնն, առանց ժամանակ կորցնելու, համարձակ նետվեց ջուրը և լողաց լաստանավի ետևից: Ուղևորները բղավում էին.
_ Դե, դե, արագացրո՛ւ:
Լաստանավն արդեն արագություն էր հավաքել, իսկ նավապետը չէր էլ ուզում ինչ-որ ուշացած ուղևորի համար վերադառնալ:
_ Սպասի՛ր հաջորդ լաստանավին,-բղավեց   մի նավաստի,- այն  կես ժամը մեկ մեկնում է:
Պարոնը շատ տխրեց,  ափ վերադարձավ ու հանկարծ  տեսավ, որ իր քիթը լողում է լճում, հագին էլ իր անձրևանոցն է:
_ Ահա թե ի՜նչ, դու միայն  ձևացնում էիր, թե լաստանավ ես նստում,-բղավեց պարոնը:
Քթի պետքն էլ չէր: Նա  շարունակում էր  ծեր ծովագայլի նման առաջ նայել, նույնիսկ աչքը չթարթեց: Անձրևանոցը մեդուզայի նման դանդաղ լողում էր ալիքների վրա:
_Այդ ու՞ր,-հուսահատ կանչեց պարոնը:
Քիթը չբարեհաճեց նրան պատասխանել, և խեղճ պարոնը ստիպված ափ վերադարձավ: Անցավ հետաքրքրասեր մարդկանց միջով, տուն հասավ:  Նա բարձրացավ իր սենյակ, փակվեց, հրամայեց սպասուհուն ոչ ոքի ներս չթողնել, նստեց հայելու մոտ և սկսեց զննել ուղիղ, հարթ մասը, որ քթի տեղն էր մնացել: Մի քանի օր հետո Ռանկոյում ապրող  մի ձկնորս իր կարթը հավաքելիս գտավ լճի մեջտեղում խեղդվող փախստական քթին,ախր անձրևանոցը  շատ էր ծակծկված: Ձկնորսը որոշեց քիթը տանել Լավենոյի շուկա: Սենյորի սպասուհին էլ էր այդ օրը  շուկա  գնացել`ձուկ գնելու: Հենց այնտեղ էլ նա տեսավ տիրոջ քիթը, որը հպարտորեն թիթիզանում էր գծավոր ձկների և գայլաձկների մեջ:
_ Ախր դա հենց իմ տիրոջ քիթն է,-վախեցավ սպասուհին, իսկ հետո արագ գլխի ընկավ:-Տվե՛ք դրան, ես տուն կտանեմ:
_ Իմ գործը չէ, թե դա  ու՞մ քիթն է,-ասաց ձկնորսը:-Ես եմ նրան որսացել, ես էլ նրան վաճառում եմ:
_ Ինչքանո՞վ:
_ Իհարկե, մի ամբողջ ոսկով, ախր դա քիթ է, ոչ թե ինչ-որ ձկնիկ:
Սպասուհին շտապ տուն վազեց և ամեն ինչ պատմեց տիրոջը:
_ Տո՛ւր նրան այնքան, ինչքան ուզում է: Ես ուզում եմ, որ իմ քիթը վերադառնա իր տեղը,-հուսահատ բղավեց պարոնը:
Սպասուհին արագ հաշվեց, որ շատ մեծ գումար է անհրաժեշտ, որովհետև քիթը բավականին մեծ էր, անհրաժեշտ էր երեք սարսափելի հազար և տասներեք ինն ու կես: Այդքան գումար հավաքելու համար նա նույնիսկ իր ականջօղերը վաճառեց: Սպասուհինշատ էր սիրում իր տիրոջը, դրա համար էլ առանց ափսոսալու վաճառեց օղերը: Նա քիթը գնեց, փաթաթեց թաշկինակի մեջ և բերեց տիրոջը: Քիթը հանգիստ թույլ տվեց իրեն տուն բերել և նույնիսկ չվրդովվեց, երբ տերը իր դողացող ձեռքերով զգուշորեն բռնեց իր ծայրից:
_ Ինչի՞ց էիր փախչում, հիմարի՛կ: Ես քեզ ի՞նչ էի արել:
Քիթը թարս նայեց տիրոջը, դժգոհ  խոժոռվեց ու ասաց.
_ Գիտե՞ս, եթե ուզում ես, որ ես տեղում մնամ, քիթդ էլ մատով չփորես… կամ գոնե եղունգդ կտրի՛ր: 

Posted in Առանց կարգի

Ջանի Ռոդարի․Կապույտ լուսակիրը․

Image_1036

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը մի տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:

-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:

Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, ինչպիսին Միլանի երկինքը երբեք չէր եղել:

Սպասելով, որ ինչ-որ բան կհասկանան, մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլիստները շարժիչներին ստիպում էին մռնչալ, իսկ ամենագեր հետիոտները բղավում էին.

-Դուք չգիտեք, թե ես ով եմ:

Սրամիտները կատակներ էին անում.

-Կանաչը պաշտոնյաներից մեկը կերած կլինի քաղաքից դուրս ամառանոց կառուցելու համար:

-Կարմիրն օգտագործել են «Ջարդինի» այգիների ձկներին ներկելու համար:

-Իսկ գիտե՞ք` ինչ են անելու դեղինի հետ: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:

Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` երթևեկությունը կարգավորելու համար: Մի ուրիշ ոստիկան գտավ կառավարման վահանակը, որպեսզի ուղղի թերությունը, և անջատեց հոսանքը:

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճեր: Ես նրանց ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել երկնքի համար: Եթե ինձ հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Բայց միգուցե քաջությունը չբավականացրեց»:
Տե՛ս Դպրոց-պարտեզ էջի քննարկումը՝․

Posted in Առանց կարգի

Հեքիաթ փշատերև ծառի մասին․

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Design a site like this with WordPress.com
Get started